Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատվի համար | |
ԱԱՂԱԹԵԼ. Իհարկե: (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի):
ԱՆԴՐԵԱՍ. Էէ՜, մնաս բարով, պարոն սիրահար: Մեզ ներիր, գործ ունենք: Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ: Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի: (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար):
ՕԹԱՐՅԱՆ. (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան) Զարմանալի է, բոլորովին անհասկանալի...
ԱՆԴՐԵԱՍ. (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա:
ՕԹԱՐՅԱՆ. Ձեր խոսակցության եղանակը, ձեր դեմքի հեգնական արտահայտությունը, ձեր սառնությունը:
ԱՆԴՐԵԱՍ. (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, աղաս, հըը՞: Ուզում ես, որ վիզս ծռեմ, վախենամ, աղաչեմ, պաղատեմ: (Լուրջ և խիստ) Հերիք է: Դու չհասկացար պատիվդ: Ես խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս նստեցիր: Համբերությունն էլ չափ ունի: Այժմ կարող ես գնալ, ուր ուզում ես. իմ տան դռները քեզ համար փակ են:
ՍԱՂԱԹԵԼ. (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ:
ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե ինչ: Ուրեմն, կաշկանդված լեզվի կապերը քանդվե լ են: Ուրեմն երեկվա օրն այստեղ մոռացվե՞լ է: Այսօր իմ առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք անում կրունկների վրա: Ասացեք, պարոն Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել իսկապես, թե՞ կատակ եք անում:
ԱՆԴՐԵԱՍ. Ես գյադա-գյուդաների հետ կատակ չեմ անում:
ՍԱՂԱԹԵԼ. Անդրե աս, Անդրեա՜ս...
ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովված) Թո՛ղ ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին:
ՕԹԱՐՅԱՆ. (Կատաղի) Պարո՜ն...
ԱՆԴՐԵԱՍ, Գոռա՛ որքան ուզում ես: Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց աստծուն չի հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել: «Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք: Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ: Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել: Ձեր հարստության կեսն իմն է: Տվեք»: Անպատկառ: Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախորժակից: Քո տարածած սուտ լուրերը տանջում էին ինձ գիշեր-ցերեկ: Քո պատճառով մարդիկ սկսել էին համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին: Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու պատիվս ոտնատակ էին լինում: Այժմ... այժմ բավական է: Դու սպառնում ես ինձ դատի կանչել: Համեցե՛ք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ: Իսկ իմ տան դռները փակ են քո առջև և հավիտյան չեն բացվիլ:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է:
ՕԹԱՐՅԱՆ. (Լսել է մերթ գարմացմամբ, մերթ վրդովվելով, մերթ իրան (զսպելով) Եվ այդ համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է: Նա, որ աշխատում էր ինձ մի քանի հազար ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ իմ արդար պահանջից: Դուք ինձ մինչև անգամ ծաղրո՞ւմ եք: Դուք ինձ վռնդում եք ձեր տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞: Ինչո՞ւ: Որովհետև ես մինչև այսօր խնայել եմ ձեզ` հանուն ձեր աղջկա սիրուն: Ասացե՛ք, այդ ինչ կերպարանափոխություն է: Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից: Ո՞վ ներշնչեց ձեզ այդքան քաջություն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել:
ՕԹԱՐՅԱՆ. Սուտ եք ասում, պարոն: Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից: Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված: Ագում էիք, որ բավական է ես ցանկանում, և դուք կսողաք իմ ոտների տակ:
ԱՆԴՐԵԱՍ. Լի՜րբ... (Հարձակվում է վրեն):
ՍԱՂԱԹԵԼ. (Մեջ ընկնելով) Անդրեա՜ս, Անդրեա՜ս. (Լռություն):
ՕԹԱՐՅԱՆ. (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է իրեն) Ոչ, ոչ չպիտի խելագարվել: Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ: Ես ոչինչ չեմ կարող ասել: Հարկավոր է տեսնվել Մարգարտի հետ: Նա ինձ կասի ճշմարտությունը: Երկուսից մեկը — կամ ես խաբված եմ այդ աղջկանից, կամ այս մարդը մի զարհուրելի չարագործ է: Մարգարիտը կբացատրի գաղտնիքը: Նա պարտավոր է բացատրել: Ես նրան Հավատացել եմ ինչպես երկնային դատավորի: Ես կտեսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի: (Քայլերն ուղղում է ղեպի նախասենյակ):
ԱՆԴՐԵԱՍ. (Սաղաթելին) Հրամայի՛ր ծառաներին, որ ներս չթողնեն նրան:
ՕԹԱՐՅԱՆ. (Կանգ առնելով) Ջգուշացե՛ք, պարոն, ապա թե ոչ ձեզ հետ կկորչի և ձեր աղջիկը: (Շտապ անցնում է նախասենյակ):
ԱՆԴՐԵԱՍ. (Բարձր ձայնով) Վարդա՜ն, դո՛ւրս արեք նրան, դուրս: (Դիմում է նախասենյակի, կողմը):
ՍԱՂԱԹԵԼ. (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ աստծու, համբերիր: Լավ մտածիր, ինչ ես անում:
ԱՆԴՐԵԱՍ. (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի տաքանայի: Տե՛ս, որտեղ գնաց:
ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նախասենյակի դռներով) Դռները բաց արին: Բագրատը խնդրում է նրան ներս մտնել:
ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան :
ՍԱՂԱԹԵԼ. Վկան ես չե՞մ, մարդ աստծու, ոչ տեսել եմ, ոչ լսել:
ՏԵՍԻԼ 6
ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ և ՍԱՂԱԹեԼ
Հետո առանց Սաղաթելի
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև: Գունատ է, դեմքի վրա երևում են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր):
ԱՆԴՐԵԱՍ. (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում է իրան):
Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն:
ԱՆԴՐԵԱՍ. (Կանգնած է բեմի մեջտեղում):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հորը):
ՍԱՂԱԹԵԼ. (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է առաստաղին):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից) Քեռի, մայրիկը կարծեմ ուզում էր քեզ տեսնել:
ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Ցանում է ինձ: (Հանդարտ քայլերով անցնում է աջից դեպի ձախ ե դուրս է գալիս ձախ դռներով: Ճանապարհին հատակի վրա տեսնելով ինչ-որ թուղթ, վերցնում է և դնում Բագրատի սեղանի վրա):
ՄԱՐԳԱԻՏ. (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է): ԱՆԴՐԵԱՍ. Լսեցի հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ, նա եկավ ինձ տեսնելու, չկարողացա նրան ընդունել: Երրորդ անգամն է գալիս այսօր, ես փախչում եմ նրանից: Հայրիկ, տո՛ւր ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու:
ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ) Ազնվություն:
ԱՆԴՐԵԱՍ. Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս: Դու չես կարող ինձ խրատել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը:
ԱՆԴՐԵԱՍ. Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել:
ԱՆԴՐԵԱՍ. (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ: Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ զոհել քո... սիրականին:
(Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով):
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ մի՛ ասա այդ բանը, մի՛ ասա:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչպես չասեմ: Նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ մոռացել ես: Նրա մի համբյուրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը:
ՄԱՐԳԱՐԻՏ. Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես: Չեմ թաքցնում, ես սիրում եմ Օթարյանին: Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև իմ ծնողի ազնվությունն ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը:
ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, անամոթ, մի՛ համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին: Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ գյադային, որ հետո միասին ավելի փառավոր ապրեիք: Քո օժիտը քեզ քիչ էր թվում:
ՄԱՐԳԱՐԻՏ. Կարող եմ երդվել, հայրի՜կ, որ ինքդ էլ չես հավատում քո ասածին: Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել:
ԱՆԴՐԵԱՍ. (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել: Բավական է, դու սիրտ չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես:
ՄԱՐԳԱՐԻՏ. Շատ լավ, թող այդպես լինի: Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել այնչափ, որչափ ես:
ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հե՛տ տուր ինձ այդ թղթերը, հե՛տ տուր:
ԱՆԴՐԵԱՍ. (Կծու ծիծաղ) Հա՛ հա՛ հա՛, հե՛տ տուր: Անդրեաս Էլիզբարով, լսո՞ւմ ես, տուր սուրդ թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե: Չէ որդի, փառք աստծու, դեռ չեմ գժվել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՛ ծաղրիր իմ տանջանքը. ես չեմ կարող դիմանալ:
ԱՆԴՐԵԱՍ. (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, աա՞, ի՞նչ թղթեր: Ես ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա՛ բանիդ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Զեռները ջարդելով) Աստված իմ...
ԱՆԴՐԵԱՍ. Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ...
ՄԱՐԳԱՐԻՏ. Կյանքս կտայի, եթե երազ լիներ: Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս: Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի արարքդ: Ախ, այն ի՛նչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով, և ես հետևեցի քեզ: Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ դատավճիռը: Դա ինձ համար կայծակի հարված էր: (Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել):
ԱՆԴՐԵԱՍ. Երազ չէ, բաս ինչ է: Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել: Քեռիդ վկա է...
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ: Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն:
ԱՆԴՐԵԱՍ. Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Աա՜, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում: Իմ ամենամեծ պատիժը երեկվա քո արածն էր:
ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղած) Դե դո՛ւրս, դո՛ւրս, անպատկառ: Դու կարող ես ինձ որդեսպան դարձնել:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը պատմել բոլորին, առանց քեզ խնայելու:
ԱՆԴՐԵԱՍ. Մինչև բեր անդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան կանեմ և կշպրտեմ շներին: Դե՛հ, կորի՛ր, քանի որ սատանան ինձ չի հաղթել:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ: Նա սիրտ չունի: Հայրիկ, սիրելի թանկագին ծնող, տո՛ւր ինձ այդ թղթերը: Այսօր ես պարտավոր եմ նրանց վերադարձնել իրենց տիրոջը: Ես ազնիվ խոսք եմ տվել: Նա այնտեղ, հյուրասենյակում սպասում է: Ես փախա նրանից, ինչպես գող: Տո՛ւր, եթե մազի չափ հարգում ես քո աղջկա պատիվը:
ԱՆԴՐԵԱՍ. Անե՜ծք քեզ, չար սադայել: Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա:
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել: Ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել: Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ համար, բայց պատիվս արատավորել հարստությանդ համար — չեմ կարող, անզոր եմ: Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից: Այդ քո պարտքն է, որովհետև դու հայր ես: Տո՛ւր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ կարող:
ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Հեռացի՛ ր, աղջի, արյունս գլխովս է տալիս:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը: Զրկիր ինձ մի կտոր հացից, վռնդիր փողոց: Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի աղախինը դառնալ, պատրաստ եմ դռնե դուռն ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող հռչակվել, ոչ, այդ չեմ կարող: Նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ է համարում: Նա իմ մասին շատ մեծ գաղափար ունի: Եվ հանկարծ գող նրա աչքո՜ւմ: Ոչ, ոչ, հայրիկ, դու բարի ես, խելոք ես, դու այդ թույլ չես տա: Տե՛ս, հայրիկ, ես չոքում եմ քո առջև: (Չոքում է) Խղճա ինձ, խնայի՛ր ինձ: Քեզանից է կախված իմ կյանքը: Լա՛վ լսիր, կյանքս եմ ասում: Մի արա, հայրիկ, այդ բանը, մի՛ արա, գողությունը սոսկալի հանցանք է:
ԱՆԴՐԵԱՍ. (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն, կտեսնեն:
ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած: Տեսնո՞ւմ ես, խիղճդ արդեն տանջում է քեզ: Մի՛ դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ դատապարտիլ, երբե՛ք, ոչ մի խոսքով, ոչ մի ակնարկով: Կպապանձվեմ և կհարգեմ քեզ առաջվա պես: Ես գիտեմ, որ դու մոլորվել ես և այժմ զղջում ես: Հայրիկ, տուր ինձ այդ թղթերը:
ԱՆԴՐԵԱՍ. (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր: (Մոտենում է գրասեղանին, արագ բաց անում արկղը և ծրարը նանում):
ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ. ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը կեղծ է: Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս...
ԱՆԴՐԵԱՍ. Հը՛մ, ձե՛ռք վերցրու: Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի: Ի՜նչ արած, դու համառ ես: (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը:
ՄԱՐԳԱՐԻՏ. Քարսի՜րտ, այդ ի՜նչ ես անում: (Ճչալով հարձակվում է, որ խանգարի):
ԱՆԴՐԵԱՍ. (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կա՛ց, եթե ոչ քեզ էլ կգցեմ այնտեղ: Ահ, վերջապես, ազատվում եմ ձեզանից: Վառվեցեք, մոխիր դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը: Կռիվ երկուսի մեջ:
ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ: Դու ինձ ես այրում, ինձ: Բա՛ց թող, բա՛ց թող: (Ուզում է կծոտել հոր ձեռները) Ա՜հ, ես թուլանում եմ, ուժ չունիմ: Լսիր, ես կգոռամ, կկանչեմ բոլորին այստեղ, որ տեսնեն քո ավազակությունը: Թող: (Ազատվելով հոր ձեռքից, մոտենում է վառարանին): Ահ, այլևս ուշ է: Այրվեցին, կորավ ամեն ինչ: (Բարձրաձայն) Այստե՛ղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ եկեք, տեսեք ինչ է կատարվում այստեղ: Հայրն այրեց իր աղջկա պատիվը: Ա՜հ, կորավ ամեն ինչ: (Թուլացած ընկնում է աթոռի վրա: Լռություն) Բայց թող այդպես լինի: (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները: Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից, ցնցվում է և անշարժ մնում):
ԲԱԳՐԱՏ. (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո):
ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՅՆՔ, ՕԹԱՐՅԱՆ և ԲԱԳՐԱՏ
ԱՆԴՐԵԱՍ. (Զեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ):
ՕԹԱՐՅԱՆ. Վերջապես, տեսա քեզ: Դա. հիվանդ չես և փախչում ես ինձանից: Լսիր, հայրդ ինձ անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից: Ես համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել եմ խաբեբայությամբ կորզել նրա հարստությունը: Ցույց տուր նրան իմ թղթերը: Ցույց տուր իսկույն, ես այսպես եմ կամենում: Ես ստորացած եմ, անպատված: Ցույց տուր այդ ապացույցները:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Լուռ, գունատ, դողդոջուն և անշարժ կանգնած է պատի տակ):
ՕԹԱՐՅԱՆ. Ահա և եղբայրդ: Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում: Այստեղ մարդկանց դերերը փոխվել են: Երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր — եղբայրդ: Գոնե բացատրիր, ինչ է պատահել: (Լռության) Աա՜, դու լռո՞ւմ ես, ձայն չե՜ս հանում, կանգնած ես դատապարտյալի պե՞ս: Երդվում եմ հորս հարստահարված գերեզմանով, կամ դուք եք խելագարվել, կամ ես: (Մարգարտին) Ասա՛, այդ ի՞նչ դավադրություն է: Չէ որ ես քեզ ընտրեցի դատավոր: Ո՞ւր են իմ ապացույցները: Բե՛ր այստեղ:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Երկար տատանվելով) Չգիտեմ:
ՕԹԱՐՅԱՆ. Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա, բեր այն թղթերը:
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը: Ահա այնտեղ: (Ցույց է տալիս վառարանը, երկարատև տանջանքով լի մի հայացք է ձգում հոր վրա և թույլ քայլերով (հեռանամ է ձախ դռներով):
ՕԹԱՐՅԱՆ.
ԲԱԳՐԱՏ.
ԲԱԳՐԱՏ. (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն արտահայտում):
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ առանց ՄԱՐԳԱՐԻՏԻ, հոտո ՍԱՂԱԹԵԼ և ՍՈՒՐԵՆ
Պատկերավոր տեսարան
ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է: Ուրեմն, այդ մի որոգա՞յթ էր ինձ համար: Մարգարիտը դաշնակից մի ավազակի: Ոչ, այդ անկարելի բան է: Կասկածել նրա ազնվության մասին, կնշանակե հայհոյել սրբությունը: Նա սուտ ասաց: Նա իրան զրպարտեց: Այստեղ մեղավորն ուրիշ է: (Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ` ես նրան կվիրավորեմ:
ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում ձախ դռներից):
ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնանք կլուբ: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ): Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն:
ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են):
ՍԱՂԱԹԵԼ. Այդ ի՞նչ էր: (Վազում է հետ ձախ դռներով):
ԲԱԳՐԱՏ. (Հետևում է Սադաթելին):
ԱՆԴՐԵԱՍ.
ՕԹԱՐՅԱՆ.
ՍՈՒՐԵՆ. (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված: Տատանվում է: Լռություն) Մարգարիտն իրեն սպանեց:
ԱՆԴՐԵԱՍ. (Մռնչում է, ձեռը զարկելով գլխին) Ա՜հ, որդեսպա՜ն:
ՕԹԱՐՅԱՆ. Աա, այդ դո՞ւ ես այրել: Գազա՞ն: (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա):
ՍՈՒՐԵՆ. (Մեջ է ընկնում) Կաց, նա արդեն պատժված է: (Նայում է հորը կատաղությամբ ե զզվանքով):
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարի՜տ, Մարգարիտ: (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում դռներին):
Վարագույրն իջնում է հանդարտ: